AM
29 Հունվար 2016 - 08:03 AMT

The Independent. Ռուսները որոնում են Սու-24-ի օդաչուին սպանելու մասին հայտարարած Չելիքին

Ռուսական ավիատիեզերական ուժերն ու սիրիական բանակը կազմակերպել են ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին սպանելու մասին հայտարարած Ալփարսլան Չելիքի որսը, գրում է բրիտանական The Independent-ը։

Ինչպես պնդում է պարբերականը՝ Չելիքին բռնելը եղել է Լաթաքիա նահանգում սիրիական բանակի գրոհի հիմնական նպատակներից մեկը։ Արդյունքում գրավվել են մի շարք կարևոր բնակավայրեր, այդ թվում՝ Ար Ռաբիան, որտեղ, ենթադրաբար, կարող էր թաքնվել զինյալը, հայտնում է Tert.am-ը:

Հունվարի 28-ին Չելիքը հայտնվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավարի հուղարկավորությանը: Լրագրողներին նա ասել է, որ կվերադառնա Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու: Ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանած Չելիքն ասել է, որ «ոչ մի վախ չունի» ռուսներից:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Օդաչուներից մեկին հաջողվել էր փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում` նրա ուղղությամբ կրակ են բացել ցամաքից: Շտուրման Մուրախտինին հաջողվեց փրկել:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: