Ընկերությունը, որը Վրաստանում ավելի շատ գազ է «հայտնաբերել», քան Քուվեյթում, նպատակ ունի ինչ-որ կերպ խաբել Վրաստանի իշխանություններին, որպեսզի վերջինս հավատա կամ հուսադրող ուղերձներ հղի` միջոցների ներդրման նոր փուլ սկսելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել փորձագետ Ռոման Գոցիրիձեն:
Ըստ նրա, այդպիսի հնարք արվեց նաև 15 տարի առաջ, որն իրեն արդարացրեց, երբ Էդուարդ Շևարնաձեին տարան Տարիբանի հանքավայրի մոտ և մի «բաժակ» նավթ հրամցրեցին: Այդ լուսանկարը տարածվեց աշխարհով մեկ, և շատերը նոր ներդրումներ արեցին աշխատանքները շարունակելու համար:
«Ո՞ւր է նավթը. Ո՞ւր է գազը: Չկա»,-ասել է փորձագետը: «Ինձ կհարցնեն, թե ինչ ենք կորցնում` ես կասեմ` հեղինակությունը»,-ասել է Գոցիրիձեն` արձագանքելով Frontera Resources ընկերության հայտարարությանն այն մասին, որ Հարավային Կախեթիայի շրջանում բնական գազի մեծ պաշարներ կան, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Ամերիկյան Frontera Resources ընկերությունը 5 տրլն խմ գազի պաշարներ է հայտնաբերել Վրաստանում: ԶԼՄ-ները մեջբերել են Frontera Resources նախագահ Սթիվ Նիկանդրոսի խոսքերը, որը հայտարարել է այդ մասին` հավելելով, որ մոտ 5 տարի կպահանջվի, որպեսզի Վրաստանը սկսի գազ արտահանել:
Նա հայտնել է, որ գազը կառաքվի Թուրքիա և Արևելյան Եվրոպայի երկրներ: Անցյալ տարի Frontera Resources-ը, որն աշխատում է Վրաստանում 1990-ականնեի կեսերից, պայմանագիր է կնքել ուկրաինական «Նաֆտոգազի» հետ` խոստանալով խտացված գազ մատակարարել Վրաստանում իր օբյեկտներից: Նախորդ տարվա աշնանը ընկերությունն ասում էր, որ գազի պաշարները Վրաստանում կարող են հասնել 3,8 տրլն խմ, սակայն այժմ ավելացրել է ցուցանիշը:






