Կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը (նպաստի գումարը) վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով:
Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում (այսուհետ՝ բանկ) բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը):
Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին: Բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:
Սկսած 2016-ի փետրվարի 1-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է Հայբիզնեսբանկի և Հայէկոնոմբանկի միջոցով (այսօրվա դրությամբ միայն այդ բանկերն են կնքել համապատասխան համաձայնագիր): Առաջիկայում համապատասխան համաձայնագիր կկնքվի Արդշինբանկի հետ (ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ):
Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին արդեն իսկ ներկայացված դիմումում ընտրել է նպաստի վճարման կանխիկ եղանակը կամ ցանկություն է հայտնել գումարը ստանալ նախարարության հետ համապատասխան պայմանագիր (համաձայնագիր) չկնքած բանկի միջոցով, նրանց նպաստիգումարները կվճարվեն Հայբիզնեսբանկին կամ Հայէկոնոմբանկին փոխանցելու միջոցով:
Ըստ այդմ, ներկայացվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում, որի հիման վրա կայացվել է նպաստը վճարելու որոշում, ապա սկսած 2016-ի փետրվարի 10-ից անձը կարող է անձը հաստատող փաստաթղթով այցելել Հայբիզնեսբանկի կամ Հայէկոնոմբանկի որևէ մասնաճյուղ և ստանալ նպաստի գումարը:
Վճարումն իրականացնող բանկի վերաբերյալ շահառուին կտրվի հետադարձ տեղեկատվություն, իսկ շահառուն հնարավորություն ունի ցանկացած ժամանակ փոխել բանկը:
Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ:
«Այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունք, որը 2016-ի հունվարից կկազմի մոտ 126.600 դրամ», – ասել է նախարարը և նշել, որ բոլոր ապագա մայրերն ունենում են հստակ ֆինանսական աջակցություն պետության կողմից:
2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:
Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:






