AM
5 Փետրվար 2016 - 08:42 AMT

ՄԱԿ-ը Ջուլիան Ասանժին ազատությունից զրկելն ապօրինի է համարել

ՄԱԿ աշխատանքային խումբն ապօրինի է համարել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ազատությունից զրկելը: Ինչպես հայտնի է 2012-ից ի վեր Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: «WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ապօրինի է զրկվել ազատությունից Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի կողմից»,-ասվում է ՄԱԿ խմբի հայտարարության մեջ:

Ջուլիան Ասանժը հայտնի դարձավ 2006-ին` իր հիմնած WikiLeaks կայքում գաղտնի փաստաթղթեր հրապարակելով: 2010-ին կայքը տեղադրեց ամերիկացի զինվորականների տեսանյութը Բաղդադի վրա գրոհից հետո խաղաղ բնակիչների մահվան տեսարանով: Նույն տարում կայքը հրապարակեց ԱՄՆ 250 հազար դիվանագիտական փաստաթուղթ:

2010-ի ավարտին Ասանժին ձերբակալեցին Լոնդոնում` Շվեդիայի հարցումով, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Ինքը Ասանժը հերքում է իր մեղքը, իսկ նրա փաստաբանները պնդում են, որ բոլոր շփումները կանանց հետ տեղի են ունեցել ըստ փոխադարձ համաձայնության, իսկ մեղադրանքները քաղաքական աստառ ունեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2012-ին Ասանժը դիմել է Էկվադորի իշխանություններին`քաղաքական ապաստան խնդրելով, և այդ օրվանից ի վեր գտնվում է Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը: