AM
10 Փետրվար 2016 - 08:21 AMT

Թուրքական ԶԼՄ-ներ. Սուզանավերն ու հրթիռները հայտնագործվել են Օսմանյան կայսրությունում

Սուզանավերն ու հրթիռները հայտնագործվել են XVIII դարում Օսմանյան կայսրությունում: Փետրվարի 9-ին այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:

Գործակալությունը հղում է արել Իսլամական մշակույթի ուսումնասիրության բրիտանական կենտրոնի ավագ գիտաշխատող Սալիմ Այդուզի վրա, որի համաձայն զարգացման տարբեր շրջաններում Օսմանյան կայսրությունը գերազանցել է Եվրոպայի երկրներին հրազենի ասպարեզում, իսկ առավել մեծ քայլեր է կատարել այդ ուղղությամբ կայսրության առավելագույն հզորության շրջանում` «կակաչների դարաշրջանում» ` 1718-1730 թթ.:

«Այդպիսի գյուտերից առաջինը եղել է սուզանավի ստեղծումը: Նավաշինությամբ զբաղվող Իբրահիմ աղան սուզանավն անվանել է «Թահթելբահիր»: Երկրորդ մեծ հայտնագործությունը հրազենն ու հրթիռներն են, որոնք հայտնագործել է հրանոթի նշանառու Բայրամօղլու Ալի աղան»,-հայտարարել է Այդուզը:

Սակայն, հավելել է նա, հետագայում այդ գիտելիքները չեն պահպանվել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ մահմեդական ծովագնացները հայտնաբերել են Ամերիկան Քրիստոփոր Կոլումբոսից 300 տարի առաջ: Նա նշել էր, որ երբ Կոլումբոսը հասել է Ամերիկա, այնտեղ արդեն մզկիթ է գոյություն ունեցել: Էրդողանի այդ հայտարարությունը լայն քննարկման և ծաղրի առիթ դարձավ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Գերմանական մի պարբերականի ծաղրանկարում Կոլումբոսը գալիս է Ամերիկա և տեսնում է, որ Էրդողանն արդեն այնտեղ է:

Էրդողանը հայտարարել է նաև, որ օսմանցիներն են առաջինը հասել Լուսին: «Ասում են, թե Նիլ Արմսթրոնգն առաջին մարդն էր, որ 1969 թվականին ոտք դրեց Լուսնի վրա: Իրականում, մահմեդական տիեզերական ճանապարհորդներն են հասել այնտեղ դրանից 334 տարի առաջ՝ 1635 թվականին»,-ասել էր նա: