AM
15 Փետրվար 2016 - 09:14 AMT

ԿՀՎ. ԻՊ գրոհայինները կարող են փորձել նոր ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ տարածքում

ԻՊ գրոհայինները կարող են փորձել նոր ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ տարածքում: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, նրանք կփորձեն իրենց մարդկանց, անհրաժեշտ նյութերն այստեղ տեղափոխել»,-ենթադրել է ԿՀՎ ղեկավարը: Բացի այդ, ահաբեկիչները կարող են հույսը դնել արդեն իսկ ԱՄՆ տարածքում անդամագրված վարձկանների վրա:

«Չեմ կարծում, որ նրանք անպայման հաջողության կհասնեն»,-գտնում է Բրենանը: Ահաբեկիչները փորձում են հակամարտություն հրահրել Արևմուտքի և մահմեդական աշխարհի միջև, հավելել է նա: Ըստ Բրենանի, դա արվում է ԻՊ շարքեր նոր կողմնակիցներ ներգրավելու համար:

ԿՀՎ տնօրենը հայտնել է Եվրոպայում ահաբեկչությունների կանխման մասին: «Հավատացեք, անվտանգության ուժերին ու հետախուզությանը հաջողվել է կանխել բազում գրոհներ»,-ասել է նա: Ընդ որում ձերբակալվել են կասկածյալ կատարողներ, որոնք, ըստ Բրենանի, «Իրաքից հասել են Սիրիա, այնտեղից էլ Եվրոպա»:

ԿՀՎ տնօրենը խոստովանել է նաև, որ հատուկ ծառայությունները նախնական տեղեկություններ են ունեցել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին: «Մենք մի քանի օր առաջ գիտեիքն, որ ԻՊ-ն ինչ-ինչ գործողություններ է պատրաստում»,-ասել է Բրենանը: Ըստ նրա, օպերատիվ արձագանքելուն և ահաբեկչությունները կանխելուն խանգարել է «ահաբեկիչների կողմից հաղորդակցության նոր միջոցների կիրառումը»: Այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ն փորձում է իր հսկողության տակ առնել այն երկրները, որտեղ ահաբեկիչներ կան, հեռու է ճշմարտությունից, ասել է ԿՀՎ ղեկավարտը: Բրենանը հայտարարել է, որ ԻՊ-ն արդեն օգտագործել է քիմզենք և այն պատրաստելու հնարավորություն ունի, հայտնում է Armenia Today-ը:

Փետրվարի սկզբին «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» կազմակերպության իսլամիստները սպառնալիքներ են հնչեցրել Իսպանիայի հասցեին` խոստանալով խլել նրանից Սեուտա և Մելիլիա անկլավները, որոնք գտնվում են Աֆրիկայի հյուսիսում:

Հունվարի սկզբին վերոնշյալ կազմակերպության անդամները տեսանյութ էին տարածել` սպառնալով ահաբեկչական գործողություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում, Մադրիդում:

Ավելի վաղ ԵՄ ոստիկանության ծառայությունը` Եվրոպոլը, հայտնել էր, որ ԻՊ-ն խոշորամասշտաբ գործողություններ է ծրագրում Եվրոպայում:

«Եվրոպան այժմ բախվել է վերջին 10 տարում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ գերատեսչության, փարիզյան ահաբեկչությունները վկայում են ԻՊ գործողությունների ուղղվածության փոփոխման մասին, որը միջազգային տարածում է ստանում և ուղղված է միջազգային ոլորտում հատուկ նշանակության ուժերի ոճով հարձակումների:

«Օտարերկրացի գրոհայինների աճող քանակը նոր մարտահրավերներ է ստեղծում ԵՄ անդամ երկրների համար»,-գտնում են Եվրոպոլում:

«Նոր ահաբեկչություններ ԵՄ-ում կարող են տեղի ունենալ նաև առաջիկայում` զգուշացրել է ոստիկանության ծառայությունը: ԵՄ-ում աճում է ահաբեկչական ցանցերի դեմ պատասխան միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաև սպառնալիքների ռազմավարական ընկալման բարելավման անհրաժեշտությունը»: