Թուրքիայի հրետանին շարունակում է հարվածներ հասցնել քուրդ ապստամբների դիրքերին, հայտնել է Reuters-ը ռազմական աղբյուրների վրա հղումով:
Ավելի վաղ քուրդ գրոհայինները գրավել են Թել Ռիֆահաթ քաղաքը թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու: Փետրվարի 15-ին Թուրքիայի ներկայացուցիչները զգուշացրել են քրդերին, որ իրենք «խիստ արձագանքի» կարժանանան, եթե գրավեն քաղաքը, հայտնում է RNS-ը:
Մինչդեռ Ռուսաստանը պահանջել է քննարկել ՄԱԿ ԱԽ-ում Թուրքիայի կողմից քրդերի դիրքերի գնդակոծումը Սիրիայում: Այդ մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը ՄԱԿ-ում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան են նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները: Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար:
Սիրիաբնակ քրդերը «Ժողովրդավարական միությունից» վերահսկում են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի մեծ մասը: Թուրքիան նրանց համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումներից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի բացառում, որ կմասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին՝ այն դեպքում, եթե դրանք այդ երկրում սկսի Սաուդյան Արաբիան։






