Թուրքական զորքերը հրետակոծել են Սիրիայի տարածքում գտնվող գյուղերը, որոնք Սիրիայի կառավարական զորքերն արդեն ազատագրել են ահաբեկիչներից: Այդ մասին սեփական աղբյուրների վրա հղումով հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Թուրքական բանակը հրետանային կրակ է բացել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Աարախ, Շալֆ, Մաժդալ Քիհիա և Դուվեյրաքա գյուղերի ուղղությամբ, որոնք ազատագրվել էին առավոտյան»,- ՌԻԱ Նովոստի գործակալությունը մեջբերել է «Ալ Մայադին» հեռուստաալիքի աղբյուրի խոսքերը:
Փետրվարի 13-ին թուրքական բանակը կրակ էր բացել քրդերի կողմից վերահկվող Միննեհի ավիաբազայի ուղղությամբ: Կրակի տակ են հայտնվել Դեր Ջամալ քաղաքը Հալեպի գավառի հյուսիսում և շրջաններից մեկը Լաթաքիայի գավառում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան են նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները: Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար:
Սիրիաբնակ քրդերը «Ժողովրդավարական միությունից» վերահսկում են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի մեծ մասը: Թուրքիան նրանց համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումներից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի բացառում, որ կմասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին՝ այն դեպքում, եթե դրանք այդ երկրում սկսի Սաուդյան Արաբիան։






