AM
18 Փետրվար 2016 - 06:47 AMT

Կանադան դադարեցրել է ավիահարվածները Սիրիայում ու Իրաքում

Կանադայի կառավարության հրամանով` երկրի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Սիրիայի ու Իրաքի տարածքներում ավիահարվածների իրականացումը: Այս մասին հայտնել է Կանադայի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ այնուհանդերձ` երկիրը շարունակելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև ավելի շատ ջանքեր է գործադրելու Իրաքի անվտանգության ուժերի մարզման ու նախապատրաստման համար, Vz.ru-ին հղումով գրում է Tert.am-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակում Կանադան ընդդեմ իսլամիստների օգտագործել է 6 հատ F-18 կործանիչ, 2 հատ CP-140 Aurora հետախուզական ինքնաթիռ և 1 հատ Airbus СС-150 Polaris լիցքավորող ինքնաթիռ։

Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում բոլոր F-18-ներն իրենց սպասարկող անձնակազմերով կվերադառնան Կանադա, իսկ մյուս ինքնաթիռները կուղարկվեն Քուվեյթում գտնվող կանադական ռազմաբազա ու կօգնեն դաշնակիցների ավիացիային։

Դեռ 2014-ի հոկտեմբերին ընդհանուր առմամբ Կանադան ԻՊ դեմ պայքարի համար 9 ինքնաթիռ է ուղարկել Սիրիա և Իրաք, այդ թվում F-18 վեց կործանիչ, երկու CP-140 Aurora հետախույզ ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris լիցքավորող ինքնաթիռ, ինչպես նաև 600 զինծառայող «օդային առաքելությանը սատարելու համար»: Բացի այդ, երկարացվել է 69 կանադացի ռազմական մասնագետների մասնակցությունը, որոնք սեպտեմբերի սկզբից ի վեր որպես խորհրդականներ օգնում են իրաքցի ու քուրդ զինվորականներին ԻՊ դեմ պայքարում: