AM
18 Փետրվար 2016 - 07:55 AMT

Դիզվառելիքը գյուղացիներին մատչելի գնով կտրամադրվի

Կառավարությունը փետրվարի 18-ի նիստում հաստատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած հողօգտագործողներին 2016-ի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

Նախարարը նշել է, որ մրցույթ է իրականացվել, որում հաղթել է «Ֆլեշ» ընկերությունը, որը մեկ լիտրի համար սահմանել է 350 դրամ:

«Կառավարությունը կսուբսիդավորի 70 դրամը»,- ասել է Կարապետյանը և նշել, էր դիզվառելիքը գյուղացուն կտրամադրվի 280 դրամով, գրում է Tert.am-ը:

ՀՀ Կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հաստատել է Հայաստանում 2016-ի գարնանացան գարու, առվյուտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և տվել ֆինանսական միջոցների օգտագործման թույլտվություն:

Հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուների նկատմամբ պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու 1.457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 188 տոննա կորնգանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու, որոնք ծրագրի դրույթներին համապատասխան կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին: