Փետրվարի 17-ին առնվազն 500 զինյալ իսլամիստ է անցել թուրք-սիրիական սահմանը և շարժվում է Հալեպ գավառի Ազազ քաղաքի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR):
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի, դա արդեն երկրորդ խումբն է, որը վերջին օրերին Սիրիայի տարածք է ներթափանցել Թուրքիայից: Առաջին խումբը, որին անդամակցում էր մոտ 350 իսլամիստ թեթև և ծանր սպառազինությամբ, հատել է սահմանը փետրվարի 14-ին:
Ինչպես նշում են դիտորդները, որոնց հղում է կատարում AFP գործակալությունը, ապստամբները ձգտում են ամեն գնով պահել Ազազը, որը շատ մոտ է թուրքական սահմանին: Այդ բնակավայրը փաստորեն հայտնվել է շրջափակման մեջ: Արևմուտքից գրոհում են քրդակն ուժերը, արևելքից` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, հայտնում է dw.com-ը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի գնդակոծել քրդական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Սիրիայում` ի պատասխան կրակի, որը նրանք են վարում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան են նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները: Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար






