Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով:
«Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը:
Քեմերոնի գլխավոր նվաճումը պայմանավորվածությունն է Եվրամիության երկրներից աշխատանքային ներգաղթյալների սոցվճարումների կասեցման վերաբերյալ: Այսուհետ ներգաղթյալներն ու փախստականները չեն կարողանա նույնիսկ հավակնել նպաստի Մեծ Բրիտանիա ժամանելու առաջին 4 տարիներին: Սահմանափակումներ կներմուծվեն նաև մանկական նպաստների հատկացման կարգում այն միգրանտներին, որոնց երեխաները հայրենիքում են:
Քեմերոնի մեկ այլ նվաճումը այն հանգամանքի փաստումն է, որ Մեծ Բրիտանիան երբեք չի միանա եվրոյի գոտուն: Ավելին, Մեծ Բրիտանիայի վրա երբեք չի տարածվի ԵՄ սկզբունքը «Եվրոպայի ժողովրդների աճող սերտ միության» վերաբերյալ:
«Էլ ավելի սերտ միությունից պաշտպանվելու համար ԵՄ հիմնարար սկզբունքները կփոփոխվեն, որպեսզի աճող սերտ ինտեգրումը չանդրադառնա Մեծ Բրիտանիայի վրա»,-հայտարարել է Քեմերոնը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: «Մեծ Բրիտանիան ընդմիշտ դուրս կբերվի «աճող սերտ միության» վերաբերյալ սկզբունքի գործողության տակից, այն երբեք չի դառնա եվրոպական գերպետության մաս»,-հավելել է վարչապետը:
Նա ասել է նաև, որ հասել է նրան, որ Բրիտանիայի խորհրդարանն ավելի անկախ լինի Բրյուսելից: «Մենք վերադարձրեցինք իշխանությունը Բրիտանիայի խորհրդարանին և այլ ազգային խորհրդարաններին և «կարմիր քարտը» նշանակում է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը կարող է աշխատել այլ օրենսդիր մարմինների հետ` արգելափակելու համար անցանկալի օրենսդրական նախաձեռնությունները»,-ասել է Քեմերոնը:
Քեմերոնն ասել է, որ հատուկ պայմանները Բրիտանիայի համար այնքան լավն են, որի բրիտանացիներն այժմ իրենք չեն ցանկանա դուրս գալ ԵՄ-ից:
Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի հետագա մնալու հարցի վերաբերյալ հանրաքվեն, ըստ վարչապետ Դևիդ Քեմերոնի, պետք է տեղի ունենա մինչև 2017-ի ավարտը, սակայն մի շարք տեղական ԶԼՄ-ներ կարծում են, որ քվեարկությունը կարող է կազմակերպվել արդեն հաջորդ տարի:
Ավելի վաղ Քեմերոնը խոստացել էր, որ իրեն կհաջողվի համոզել Բրյուսելին, որ ԵՄ-ն բարեփոխումների կարիք ունի և որ Մեծ Բրիտանիայի լիազորությունների մի զգալի մասը պետք է վերականգնել: Սակայն, եթե ԵՄ մյուս երկրներն անզիջում լինեն, Քեմերոնը կարող է հավանություն տալ ԵՄ կազմից դուրս գալուն:
Վերջին ամիսներին Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայում մնալու կողմնակիցների քանակը նվազել է` 61 տոկոսից հասնելով 52-ի:






