Թուրքիան իրավունք ունի գործողություններ իրականացնել արտերկրում ահաբեկիչների դեմ, որոնք սպառնալիք են երկրի համար: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «Ինտերֆաքսը» թուրքական Hürriyet-ի վրա հղումով:
«Թուրքիան լիակատար իրավունք ունի գործողություններ իրականացնել Սիրիայում և այլ վայրերում, որտեղ հենակետեր ունեն ահաբեկչական խմբավորումները, քանի որ դա մեր առջև ծառացած սպառնալիքների դեմ պայքարի մի մասն է»,-ասել է էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ հակաահաբեկչական գործողություններ վարելիս «չի կարելի խոսել այն երկրների ինքնիշխանության մասին, որոնք ունակ չեն ինքնուրույն ապահովելու իրենց տարածքային ամբողջականությունը»:
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ ղեկավար Իսմեթ Յիլմազը հայտարարել էր, թե իր երկիրը զորք չի ուղարկել Սիրիայի տարածք և մտադիր չէ դա անել նաև առաջիկայում: «Թուրք զինվորներին Սիրիա գործուղելու մտադրութուն չկա»,-ասել է նախարարը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի կոմիտեներից մեկում: Նմանատիպ հայտարարություն է արել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Սակայն վերջին շրջանում նկատվում է թուրքական ռազմական ներկայության հզորացում Սիրիայի հետ սահմանին:
Թուրքական ուժերն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում սիրիական քրդերի դիրքերի ինտենսիվ հրետակոծումը: Ավելի վաղ սիրիացի քրդերը մերժել էին Անկարայի պահանջը Թուրքիայի սահմանի մոտ գրաված դիրքերից հեռանալու վերաբերյալ` պնդելով, որ հակառակ դեպքում իրենց տեղը կզբաղեցնեն ծայրահեղական իսլամիստները:
Մինչդեռ Մոսկվայում բացված Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է պաշտպանել սիրիացի քրդերին, եթե Թուրքիան այնուամենայնիվ ցամաքային գործողություն սկսի Սիրիայում:






