AM
24 Փետրվար 2016 - 11:39 AMT

ՀԷՑ-ն ու էներգետիկայի նախարարությունն իրարամերժ տեղեկություններ են հաղորդում նոր վարկի վերաբերյալ

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը: Այս մասին նշվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պարզաբանմավ մեջ:

Նշվում է, որ պարզաբանումը տարածվում է հաշվի առնելով վարկի շուրջ առկա թյուրըմբռնումը:

Այսպիսով, ըստ նախարարության, սակագնի հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝ նախորդ երեք տարիներին ՀԷՑ-ում առաջացել են ժամկետանց պարտքեր՝ պետական մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ։ Պարտքերի առաջացման պատճառներն են՝ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը։

Նախարարությունն արձանագրում է, որ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում ճեղքվածքի մի մասը (22. մլրդ դրամ), որն առաջացել է մինչև սեփականատիրոջ փոփոխությունը՝ 2013-2015թթ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) կողմից արտադրող ընկերություններին՝ առաքված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում և վճարվում է յուրաքանչյուր ամիս: Ամբողջ գումարը կփակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը:

Չվճարումների հետ կապված էներգետիկ համակարգի պետական ընկերություններում առաջացած ֆինանսական խնդիրները որևէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ։

Այդ պայմաններում էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար ներգրավել են կարճաժամկետ առևտրային վարկեր և կուտակել չվճարված պարտավորություններ: Դրանք վերակառուցելու նպատակով 2015-ին աշխատանքներ կատարվեցին Համաշխարհային բանկի հետ և մշակվեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է ցածր տոկոսներով և երկարաժամկետ վարկային միջոցներ ներգրավել՝ համակարգի պետական ընկերությունների առևտրային վարկերը վերակառուցելու և չվճարված պարտավորությունները մարելու համար։ ՀԲ տրամադրած վարկի գումարը կազմում է 30 մլն դոլար։

Պարզաբանման մեջ նաև նշվում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների բոլոր պարտքերի վերադարձը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական գործընթացների իրականացման ճանապարհով և որևէ կերպ չի կարող ընդգրկվել ընկերությունների սակագներում:

Միաժամանակ փետրվարի 23-ին ՀԷՑ-ը նույնպես պարզաբանում է տարածել, որում է նշել է, որ Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի չափով ներգրավվող վարկի վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն ընկերության սեփական միջոցների հաշվին:

Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել և չի նախատեսվում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի:

Բացի այդ, այն մասին, որ Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի հենց ՀԷՑ-ի պարտքը մարելու համար, փետրվարի 18-ին Կառավարության նիստի ավարտին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Զախարյանը նշել է, որ հենց այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել. «Դա էլեկտրաէներգիա արտադրած ընկերությունների, էլեկտրաէներգիայի դիմաց չվճարված գումարն է, ՀԷՑ-ի չվճարածը, բացի այդ, նաև որոշակի փոխառնությունների համար է»:

ՀԷՑ-ին են պատկանում 36 հազար կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկվնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ:

2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։ «Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները:

ՀՀ կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին։ Մնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016-ի հուլիսի 31-ը: