Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել հեռացնել Feza Gazetecilik մեդիահոլդինգի ղեկավարությանը` կառավարումը հանձնելով պետության կողմից նշանակված հոգաբարձուներին:
Մեդիահոլդինգի կազմում է գտնվում նաև թուրքական ընդդիմադիր Zaman թերթը, որը հայտնի է Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերով:
Մեդիահոլդինգի ղեկավարումն իր ձեռքը վերցնելու պետության որոշումն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների բողոքը, որոնք հավաքվել են Zaman թերթի խմբագրության շենքի դիմաց` բողոքելու մամուլի ազատության նկատմամբ պետության հերթական ոտնձգության դեմ, թուրքական Sondakika-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ոստիկանության հետ ժամանած պետական կառավարիչները շենք կարողացել են մուտք գործել միայն այն բանից հետո, երբ կեսգիշերին ոստիկանական ուժերը ջրաշիթերի ու արցունքաբեր գազի կիրառմամբ կարողացել է ցրել ցուցարարներին:
650 հազար տպաքանակ ունեցող Zaman պարբերականը համարվում է Թուրքիայի ամենակարդացվող օրաթերթը:






