Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի նախատեսվում: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը, պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այս կապակցությամբ բազմիցս հնչեցվել է: Միեւնույն ժամանակ գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչներից է, եւ հիմնված է փոխլրացման սկզբունքի այլ ոչ թե հակասությունների վրա: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում եւ այդ համագործակցությունը փոխլրացնող ենք համարում»,- նշել է Միքայել Մելքոնյանը: Անդրադառնալով Վրաստանի կամ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, գեներալն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշելու իր քաղաքական գերակայությունները: «Չեմ կարծում, թե դա կարող է լուրջ խնդիր դառնալ Հայաստանի համար»,- ասել է նա, իր տարակուսանքը հայտնելով նմանատիպ հարցերի շուտափույթ լուծման հնարավորության առնչությամբ: «Մանավանդ որ Պրահայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո համագործակցության շատ հարցեր կարող են միանգամայն այլ բնույթ ձեռք բերել»,- ավելացրել է Մելքոնյանը: