Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը: Այդ մասին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում:
Ըստ աղբյուրի, Հաջիևի մարմինը դանակի բազմակի հարվածներով հայտնաբերվել է նրա բնակարանում: Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հայտնել է գործակալության զրուցակիցը:
Մեկ տարի առաջ` 2015-ի մարտի 24-ին, սպանվեց նույն շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովը: Այդ հանցագործության հետաքննության արդյունքների մասին հաղորդագրություն չի եղել, հայտնում է Lenta.ru-ն:
«Սադվալ» շարժումը ստեղծվել է 1990 թ.: Շարժման նպատակն է, ըստ հիմնադրման ժամանակ ընդունված ծրագրի, «աջակցությունը լեզգի ժողովրդի վերամիավորմանը ՌԴ-ում և Ադրբեջանում նրա կոմպակտ բնակության տարածքի սահմաններում և ազգային պետականության վերականգնմանը լեզգիների միասնական պետականության շրջանակում` ընդունված միջազգային քաղաքական և իրավական նորմերի, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա:






