AM
30 Մարտ 2016 - 12:18 AMT

Լուկաշենկո. Բելառուսը ՀԱՊԿ անդամ է, բայց այլ երկրի տարածքում չի պատերազմի

Բելառուսը հավատարիմ է դաշնակցային պարտավորություններին ռազմական ոլորտում, սակայն այլ երկրի տարածքում չի պատերազմի: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերի հետ հանդիպման ժամանակ:

«Դուք պետք է հասկանաք, որ ինչպես դուք եք դաշնակիցներ ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ մենք դաշինքի մեջ ենք Ռուսաստանի և հետխորհրդային մի շարք պետությունների հետ` նկատի ունեմ ՀԱՊԿ-ը: Մենք չենք թաքցնում մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ում, այն շատ պարզ է` ինչ շահեր էլ ունենան մեր դաշնակիցներն իրենց երկրի սահմաններից դուրս, մենք երբեք չենք պատերազմի ուրիշի տարածքում»,-հայտարարել է Լուկաշենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ խնդիրներն են` պաշտպանել անդամ երկրների տարածքային-տնտեսական տարածությունը բանակների եւ օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաեւ խոշոր չափերի բնական աղետներից:

Մարտի 11-ին Երևանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ժամանակ ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլև հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: