Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կայցելի Ադրբեջան և Վրաստան: Այս մասին հայտնում է Սբ Աթոռի մամուլի ծառայությանը:
Հռոմի պապը Վրաստան և Ադրբեջան է այցելում այդ երկրների կրոնական և քաղաքական իշխանությունների հրավերով, ՌԻԱ Նովոստիին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ապրիլի 9-ին հայտնի է դարձել, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստան կայցելի հունիսի 24-26-ը` ընդունելով Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու հրավերը:
2013-ի մայիսին հայ կաթոլիկների առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ կցանկանար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և մասնակցել ոգեկոչման արարողությանը: Այցը չստացվեց, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցեց Վատիկանում` Հայոց ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի երեք սարսափելի աղետներից մեկը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:






