AM
12 Ապրիլ 2016 - 06:58 AMT

Դիարբեքիրում պայթյունից 1 զինվոր է սպանվել, 47 անձ՝ վիրավորվել

Թուրքիայի Դիարբեքիր գավառի Հանի շրջանում ականապատ մեքենայի պայթյունից 1 զինծառայող է սպանվել, 47 անձ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 11-ին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները պայթյուն էին իրականացրել ժանդարմերիայի շրջանային վարչության մոտ:

«ՔԱԿ անդամներն ապրիլի 11-ի ուշ երեկոյան ականապատ մեքենա են պայթեցրել ժանդարմերիայի շրջանային վարչության և զինծառայողների հանրակացարանի մոտ: Արդյունքում մեկ զինծառայող զոհվել է, 39-ը` վիրավորվել: Վիրավորվել են նաև զինծառայողների ընտանիքների անդամներ (6) և 2 քաղաքացիական անձ»,-ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

2015-ի հուլիսից ի վեր, երբ վերսկսվեցին զինված բախումները ՔԱԿ հետ, քուրդ ապստամբների հետ բախումներում սպանվել է ավելի քան 370 թուրք զինվորական և ոստիկան: Թուրքիայի նախագահ էրդողանը հայտարարել է այդ ժամանակահատվածում 5 հազար քուրդ զինյալների ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ քուրդ բնակչության դեմ գործողություններում զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: