Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության է դրվել Թուրքիայի մասին զեկույցը:
Այն վերջին տարիների ամենախիստ զեկույցն է, որն անդրադառնում է Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներին, Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին, քրդական հարցին, երկրի հարավ-արևելյան շրջաններում շարունակվող բախումներին, իրավունքի գերակայության անկմանը, Թուրքիա-ԵՄ միջև փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը, կիպրական հարցին:
ԵԽ-ն մտահոգիչ է համարում Թուրքիայում մամուլի ազատության ասպարեզում տեղի ունեցող զարգացումները, որոնք արձանագրվում են ժողովրդավարության և իրավունքի հետընթացին զուգահեռ, թուրքական Sozcu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Զեկույցը պահանջում է, որ Թուրքիայում կոռուպցիայի դեմ պայքարին առաջնահերթություն տրվի, իսկ ահաբեկչության դեմ պայքարի իրավական կարգավորումները համապատասխանեցվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին:
Զեկույցում ընդգծվում է, որ քրդական հարցը ռազմական լուծում չունի և թուրքական կառավարությունից պահանջվում է կրկին բանակցություններ սկսել ու վերջ տալ հարավ-արևելյան շրջաններում հաստատված պարետային ժամին:
ԵԽ-ն Թուրքիայից պահանջում է դադարեցնել պատժամիջոցները այն մտավորականների նկատմամբ, որոնք ստորագրել էին քրդական հարցի խաղաղ կարգավորմանը վերաբերող դիմումը:
Գնահատելով Թուրքիայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի մեջ ներգրավված լինելու փաստը՝ ԵԽ-ն միաժամանակ քննադատել է Անկարային Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող քրդական խմբավորումների դեմ կռվելու համար:
Եվրախորհրդարանը (ԵԽ) Թուրքիայի մասին զեկույց է ընդունել 2015-ին, որըԹուրքիայի հասցեին կոշտ ձևակերպումներ է պարունակում: Զեկույցում մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ զեկույցն անընդունելի է, քանի որ տեքստում առկա է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Զեկույցում քննադատվել են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները, սոցցանցերի և այլ կայքերի արգելափակումը, լրագրողների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները:
Եվրախորհրդարանը Անկարային կոչ էր արել ձևավորել այնպիսի կառավարություն, որը կարագացնի ժողովրդավարացման բարեփոխումների գործընթացը:
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:
ԼՂ հարցը՝ Եվրախորհրդարանում. Հիմնականում հայամետ տեսակետներ են արտահայտվել






