Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով պայմանագրի քննարկմանը Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմմերմանսը հայտարարել է, որ Թուրքիայի և իրենց միջև տարածությունը չի փոքրանում, հակառակը` մեծանում է:
Թիմմերմանսի խոսքով, Թուրքիայի` ԵՄ-ից հեռանալու պատճառը այդ երկրում մարդու իրավունքների, մեդիայի և քաղաքացիական հասարակության վիճակն է:
Նա նշել է, որ իրավիճակը լավացնելու համար պետք է Թուրքիայի հետ շփումներ են պետք, թուրքական Hurriyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
«Ի՞նչ տվեցին մեզ նախորդ տարիները, երբ չկային շփումներ: Այդ տարիներին Թուրքիայում ոչ մի բան չարվեց մարդու իրավունքների և մամուլի վիճակը բարելավելու համար: Մեզ շփումներ են հարկավոր»:
ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է մերձենալ Եվրամիության հետ, ապա դա կարող է անել միայն մեդիայի, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության վիճակը բարելավելուց հետո:
Ապրիլին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։
Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, ով պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան:
Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար։
Եվրախորհրդարանը (ԵԽ) Թուրքիայի մասին զեկույց է ընդունել նաև 2015-ին, որը Թուրքիայի հասցեին կոշտ ձևակերպումներ է պարունակում: Զեկույցում մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:






