AM
30 Ապրիլ 2016 - 07:34 AMT

EBU-ն կարգադրել է հեռացնել Եվրատեսլիում արգելված դրոշների մասին տեղեկությունը. Որոշումը նախնական էր

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) կարգադրել է հեռացնել տեղեկությունը Եվրատեսիլում որոշ դրոշների կիրառումն արգելելու վերաբերյալ` համարելով այն նախնական և հրապարակման ոչ ենթակա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները Եվրատեսիլի կազմակերպիչների վրա հղումով հայտնել էին, որ մրցույթում արգելվում է ծածանել որոշ չճանաչված տարածաշրջանների` Բասկերի երկրի, ԼՂՀ-ի, Պաղեստինի, Կոսովոյի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Մերձդնեստրի դրոշները:

Բասկերի երկրի առկայությունն այդ շարքում Իսպանիայի իշխանությունների տարակուսանքն ու դժգոհությունն էր առաջացրել: Վերջիններս հիշեցրել էին, որ այդ դրոշը երկրի ինքնավար համայնքներից մեկի պաշտոնական խորհրդանիշն է և պահանջել էին շտկել սխալը:

EBU-ն կարգադրել է Globe Arena-ի և տոմսերի վաճառքի AXS կայքից հեռացնել արգելված դրոշների մասին տեղեկությունը, ասվում է Եվրատեսիլի հայտարարության մեջ, որը հրապարակել է Իսպանիայի TVE պետական հեռուստատեսությունը: Առաջիկայում այդ էջերում, ինչպես նաև Eurovision.tv-ի պաշտոնական էջում կտեղադրվի ճիշտ տեքստը մրցույթում արգելված խորհրդանիշների մասին:

EBU-ն նաև ներողություն է խնդրել նրանցից, ում զգացմունքները ոտնահարվել են ցանկի հրապարակման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը: Նա հանդես է գալու «LoveWave» երգով: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչի ընթացքում` 7-րդ համարի ներքո: Եվրատեսիլ 2016-ին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ: Մրցույթի կարգախոսն է Come together (Միավորվենք):

«Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։