Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հատուկ գործողության ժամանակ Ադրբեջանի դատախազության և ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են շրջանի մի քանի բնակչի: Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, նրանք կրոնական անհանդուրժողականություն էին սերմանում շրջանում, շանտաժի և այլ բռնի մեթոդներով փորձում քաղաքացիներին ներգրավել իրենց շարքերը, քարոզչական գործունեություն էին տանում բնակչության շրջանում:
Անձնական զննության և խուզարկության ժամանակ նրանց մոտից առգրավվել է 2 ինքնաձիգ, 2 ատրճանակ, 12 ձեռքի նռնակ, տարբեր տրամաչափի 31 փամփուշտ, տրոտիլի 5 պայթուցիկ, ինչպես նաև մեծաքանակ արգելված կրոնական գրականություն:
Հարուցվել են քրեական գործեր, ընթանում է քննություն:
Մայիսի 1-ին Ալիաբադ գյուղի ոստիկանության պետ Ռովշան Բալիևի աշխատասենյակում պայթյուն է որոտացել, երբ նա փորձել է բացել դուռը: Չի բացառվում, որ հատուկ գործողությունը կապված է պայթյունի հետ:






