Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը հայտարարել է, որ լեհական պատվիրակությունը չի մասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվայում: Ըստ Gazeta Polska Codziennie-ի, նույն կերպ կվարվեն Չեխիան, Սլովակիան և Լիտվան:
«Հաղթանակի օրվան նվիրված բոլոր միջոցառումները կանցկացվեն Լեհաստանում»,-ասել է Լեհաստանի ՊՆ ղեկավարը, հայտնում է Ռոսբալտը «Ռադիո Լեհաստանի» վրա հղումով:
Սլովակիայի ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Սլովակիայի պատվիրակությունը մտադիր չէ Մոսկվա մեկնել մայիսի 9-ին, իսկ բոլոր հանդիսավոր արարողությունները տեղի կունենան երկրում:
Ըստ Չեխիայի ՊՆ մամուլի քարտուղարի, միջոցառումներ են նախատեսված Բռնոյում և Պրահայում:
Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսն իր հերթին հայտարարել է, որ Լիտվայի պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա: «Չեմ կարծում, որ հիմա, երբ մենք Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի ականատեսներն ենք, հարկավոր է մասնակցել զորահանդեսների: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը չէ»,-ասել է նա:
Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ օտարերկրյա ղեկավարներին Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու հրավերներ չեն ուղարկվել, սակայն արտասահմանցի հյուրեր կլինեն: «Կլինեն արտասահմանցիների, սակայն նախագահի գծով հատուկ հրավերներ չեն ուղարկվել»,-ասել էր նա:
Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՆ և Եվրամիության մի շարք երկրների հետ լարվեցին Ուկրաինայում ճգնաժամի և ՌԴ-ին Ղրիմի միանալու պատճառով: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե ինքնավարության կարգավիճակի մասին` մասնակիցների 90 տոկոսից ավելին կողմ արտահայտվեց ՌԴ հետ միավորմանը, իսկ մարտի 18-ին կողմերը կնքեցին համապատասխան պայմանագիրը:
ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Մոսկվան բազմիցս է ժխտել Մինսկի պայմանավորվածությունների խախտումը: ՌԴ իշխանությունները հերքել են Դոնբասում կամավորականներին աջակցելու փաստերը, այդ թվում սպառազինության առաքումն ու զինծառայողների մասնակցությունը: Մոսկվան նաև հայտարարում է, որ 2014-ի հանրաքվեն օրինական էր, որի արդյունքում էլ Ղրիմն ու Սևաստոպոլը միացան Ռուսաստանին:






