«Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը չորս անգամ քննարկվել է խորհրդարանում, մայիսի 16-ին ԱԺ-ում վերջնականապես ընդունվել է:
Հաստատվել է նաև ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը։
Հրազդանի ցեմենտի գործարանն այսպիսով ազատվել է չվճարված հարկերի արդյունքում գոյացած տույժ-տուգանքներից՝ մոտ 595 մլն դրամ, հայտնում է Ա1+-ը։
Ընկերության հաշիվներն արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում։ «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:
Ապրիլին օրինագիծը Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ չէր անցել, քանի որ քվորում չի ապահովվել: Հանրապետական խմբակցության մեծ մասը բացակայել էին նիստից, ընդդիմությունն էլ չէր մասնակցել քվեարկությանը:






