ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը չի ստացվի առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պատգամավորների ներգրավման: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:
«Կոռուպցիան բոլոր ժամանակներում եղել է տարբեր աստիճանի: Հիմա մենք ասում ենք՝ եկեք միասին քննարկենք, որոշումներ կայացնենք: Ես բաց ասում եմ ձեզ բոլորին՝ եկեք միասին գործ անենք: Հիմա դուք բոլորդ պատճառներ եք փորձում փնտրել: Դուք բոլորս գիտեք, որ դա կախարդական փայտիկով չի էլի, որ խփենք ու անենք», – ասել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը:
Պատգամավորին հետաքրքրում էր, թե ի՞նչն է պակասում կառավարությանը կոռուպցիայի դեմ ռեալ պայքարելու համար:
«Ես պատկերացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կամք, լծակ, լավ օրենք և ինֆոմացիա, թե ինչ է կատարվում քո երկրում: Լրացուցիչ ի՞նչ եք ուզում իմանալ, որ չի ստացվում: Եթե Հայաստանում տասը հարուստ մարդ կա, որը հարստացել է իշխանություն ունենալու, պաշտոն վարելու ժամանակ, առնվազն հինգը այստեղ նստած է», -հարցը հնչեցնելիս հայտարարել է պատգամավորը:
Աբրահամյանը վստահեցրել է, որ իր հայտարարությամբ քայլեր է ներկայացրել ու շարժվելու են դրանց իրագործման ուղղությամբ:
«Կրճատումներից սկսած, ներկայացուցչական ծախսերից սկսած տնտեսելու ենք ու պարոն Մանուկյան, ձեզ վստահեցնում եմ, որ գնալու ենք կամաց-կամաց առաջ՝ առանց մարդկանց նեղացնելու, առանց ոչ ճիշտ որոշումներ կայացնելու», -հավելել է Աբրահամյանը:
Մանուկյանն իր արձագանքման ժամանակ հստակեցրել է, որ օրինակ, գազի, հոսանքի հետ կապված կոնկրետ դիմումներ են ներկայացվել դատախազություն, բայց արձագանք չկա:
Ի պատասխան, վարչապետն ասել է, որ ինքը հավատում է գլխավոր դատախազությանը և հնարավոր չէ, որ առանց հիմքեր քրեական գործեր կարճվեն:
Մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու և ներկայացնելու:
Կարդացեք նաև՝ Նախարար. Մենաշնորհատերերի անունները կհրապարակվեն փաստարկված