Իրանը ցանկություն է հայտնել տևական ժամանակով վարձակալել Ադրբեջանի ցանքատարածությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Խոջատին Բաքվում ընթացող «Ադրբեջան-Իրան» գործարար համաժողովի ընթացքում, հայտնում է Sputnik-Ադրբեջանը:
Իր հերթին տնտեսագետ Ասլանլին ասել է, որ Ադրբեջանը չունի այնպիսի ընդարձակ տարածքներ, որ վարձակալությամբ հանձնի դրանք: Այս գործում կարևոր է հաշվի առնել երկրի տնտեսական և քաղաքական բաղադրիչը, ինչպես նաև անվտանգության հարցերը:
Ադրբեջանցի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել Իրանի նախարարի առաջարկը:
2013-ին Իրանը մտադիր էր արոտավայրեր վարձակալել ՀՀ Սյունիքի մարզում, սակայն նախագիծը խափանվեց հայ հանրության ճնշման պատճառով: Նախատեսվում էր, որ Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրեր Իրանի Ատրպատական նահանգին 5 հազար գլուխ տավարի համար: Արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Իրանը նախատեսում էր գյուղատնտեսական տեխնիկա առաքել Հայաստան:






