Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումներից հրաժարվելու մասին: Դա վերաբերում է փոխադրողների քանակին և թռիչքների հաճախականությանը, հայտնում է economics.lb.ua-ն Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայության վրա հղումով:
1995-ից Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև գործող օդային հաղորդակցության մասին համաձայնագրով երկու երկրների միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրում կարող էր իրականացնել մեկ ավիաընկերություն յուրաքանչյուր կողմից, թռիչքների հաճախականությունը ևս սահմանափակ էր` շաբաթական մինչև 3 չվերթ:
Այժմ ՀՀ և Ուկրաինայի միջև փոխադրողների քանակի սահմանափակումներ այլևս չեն լինի, չեն լինի սահմանափակումներ նաև չվերթների հաճախականության և ժամանման ու մեկնման կետերի մասով:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովի բացմանը հայտարարեց, որ Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը «բաց երկնքի» քաղաքականություն է վարում և արդեն զգալի առաջընթաց ունի, մասնավորապես, բազում ավիաընկերություններ ցանկություն են հայտնել աշխատելու հայկական շուկայում, իսկ մի մասն արդեն արտոնագիր է ստացել:
«Մենք ակնկալում ենք հեղինակավոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչը կհանգեցնի ավիատոմսերի գների նվազեցման: Ընդ որում անհրաժեշտ է ձգտել դրան, որպեսզի օտարերկրյա ավիաընկերությունները տեղակայվեն Երևանում, իսկ Հայաստանը տարանցիկ երկիր դառնա»,-ասել է Մինասյանը:






