Մայիսի 25-ին Ադրբեջանի SOCAR պետական էներգետիկ ընկերությունը փակել է արտասահմանում իր մի քանի գրասենյակները՝ նավթի գների անկման ֆոնին ծախսերը կրճատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը և արժույթը՝ մանաթը, մեծ ճնշման տակ են հայտնվել անկում ապրող նավթի գների պատճառով: Fitch վարկանշային կազմակերպությունը SOCAR-ի վարկանիշը փետրվարի 29-ին նվազեցրել է «BB+»-ի՝ բացասական կանխատեսմամբ:
Երկրի խորհրդարանը փետրվարին վերանայել է 2016-ի իր պետական բյուջեն՝ հիմնվելով բարելի համար 25 դոլար նավթի միջին գնի վրա: Նախկինում կանխատեսումներում նշվում էր բարելի համար 50 դոլարի գինը:
Աբդուլաևը հայտնել է, որ փակվել են Գերմանիայի, Բելգիայի և Շվեյցարիայի գրասենյակները, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:
Նավթի գների կտրուկ անկումը, ստիպել է ընկերությանն այս տարի կրճատել տրանսպորտի, հաղորդակցությունների, հովանավորչական նախագծերի, ինչպես նաև համաժողովների ծախսերը:
SOCAR-ի պաշտոնյաները նշում են, որ ծախսերը կրճատելը կօգնի ընկերությանը երեք տարվա ընթացքում խնայել մոտ 400 միլիոն մանաթ (267 մլն դոլար):
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016-ի հունվար-ապրիլին արտահանել է 6.756 մլն տոննա նավթ Ջեյհան, Սուպսա և Նովոռոսիյսկ նավահանգիստներով: 2015-ի նույն ժամանակահատվածում SOCAR-ն արտահանել է 7.449 մլն տոննա նավթ: Այդպիսով նավթի արտահանումը կրճատվել է 693 հազար տոննայով կամ 9.3%-ով:
Ադրբեջանից ոչ նավթային արտահանումը նվազել է` զիջելով է ՀՀ-ից արտահանման ծավալին






