AM
4 November 2002 - 19:10 AMT

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Տարածաշրջանային համագործակցությունը ենթադրում է ոչ միայն տնտեսական, քաղաքական եւ մշակութային համագործակցություն, այլ նաեւ համագործակցություն անվտանգության ոլորտում: Այդ մասին Երեւանում ընթացող «Թեթեւ եւ հրաձգային զենքի տարածում: Միջազգային նորմերն ու կովկասյան իրողությունները» սեմինարում հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը: Նրա խոսքերով, գոյություն ունի կարծիք, որ տարածաշրջանում հակամարտային իրավիճակների առկայության պարագայում անհնարին է խոսել անվտանգության մասին: Այնինչ, կարծում է նախարարի տեղակալը, հակամարտությունները կարող են անցումային փուլ դառնալ առավել գլոբալ խնդիրների լուծման համար: 2003 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի կունենա եւս մեկ խորհրդաժողով Հարավային Կովկասում զենքի տարածման թեմայով, ինչն ապացուցում է տվյալ խնդրի նկատմամբ վերաբերմունքի լրջությունը, ավելացրել է նա: