1900-ականների սկզբին Նամիբիայում Գերմանիայի կողմից իրականացված ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար օրենսդրական առաջարկ է ներկայացվել Թուրքիայի ազգային ժողով:
Օրենսդրական առաջարկի հեղինակը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մեթին Քյուլյունքն է: Առաջարկի ընդունման դեպքում Թուրքիան 1900-ականների սկզբին Նամիբիայում գերմանացիների իրականացրած կոտորածը կճանաչի որպես ցեղասպանություն, Habergazetesi-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Գերմանիան 2004-ին՝ Նամիբիայում Հերրերո ցեղախմբի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր «պատմական և բարոյական պատասխանատվությունը և մեղքը, որ տվյալ ժամանակաշրջանում իրականացրել էին գերմանացիները»:
Հունիսի 2-ին գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:






