AM
9 June 2016 - 05:34 AMT

ՀՀ-ում չեխական կապիտալով մոտ 20 ընկերություն է գործում. Համաժողովը կնպաստի ներդրումների ներգրավմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 8-ին Երևանում ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:

Սարգսյանը ողջունել է արդեն ավանդական դարձած հայ-չեխական գործարար համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի երկու երկրի բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև չեխ գործարարների կողմից Հայաստանի` որպես հնարավորությունների երկրի բացահայտմանը:

Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից ՀՀ նախագահը կարևորել է այս տարվա փետրվարին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցն ու դրա շրջանակներում կազմակերպված գործարար համաժողովը:

Նախագահն արձանագրել, որ այսօր Հայաստանում գործում է չեխական կապիտալով մոտ 20 ընկերություն: Նրա խոսքով, Հայաստանն իրենց համար արդեն հասցրել են որոշ չափով բացահայտել այնպիսի չեխական ընկերություններ, ինչպիսիք են «Չեխ Ավտոն», «Շանտանը», բոհեմական հախճապակի ներմուծող «Պրահա»-ն և այլ ընկերություններ:

Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրը, տնտեսության զարգացման ներկայիս վիճակը, տնտեսական ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի առաջատար տեղը, որն արձանագրված է նաև միջազգային հեղինակավոր կառույցների վարկանիշային զեկույցներում:

Ներդրումների ներգրավման տեսանկյունից նախագահը կարևորել է հատկապես երկու գործոն՝ կայունությունը և տնտեսական շահը, ընդգծելով, որ Հայաստանում այդ առումով ստեղծված են բոլոր նախադրյալները։ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր մակրոտնտեսական կայունությունը մեր երկրի համար մշտապես եղել է գերակա ուղղություն, և շնորհիվ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության՝ ներկայումս Հայաստանն ունի կայուն մակրոտնտեսական միջավայր:

Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները, ընդգծելով, որ Հայաստանը արտոնյալ մուտքի հնարավորություն ունի այլ տնտեսական տարածքներ՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա և մի շարք այլ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ առևտրային ռեժիմների շնորհիվ, ըստ նախագահի, Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել այս շուկաներ:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին՝ երևանյան գործարար համաժողովին մասնակցության համար և համոզվածություն հայտնել, որ բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանը և Չեխիան կարող են նշանակալի արդյունքներ արձանագրել` նպաստելով երկկողմ համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը:

ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 8-ին կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Դրանից առաջ Չեխիայի նախագահը հայտարարել է Ցեղապանության ճանաչման հարցով Չեխիայի խորհրդարան և Կառավարություն դիմելու իր մտադրության մասին:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ հիմնախնդիրը, Ցեղասպանության ճանաչումն ու ՀՀ-ԵՄ գործակցությունը. Սարգսյան-Զեման հանդիպում