Հայաստանում աշխատանք ունեցողների շուրջ 85 տոկոսի աշխատավարձն 204 հազար դրամից պակաս է: Նոր հարկային օրենսգրքով նշված շեմից ցածր աշխատավարձ ստացողների եկամտահարկը կպակասի, իսկ ավելի բարձր աշխատավարձ ունեցողներինը՝ կավելանա:
Այդ մասին է հայտարարել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Իր խոսքերով, 150 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար 1000 դրամ իջեցումն ավելի մեծ նշանակություն կունենա, «քան 4 միլիոն աշխատավարձ ստացողի համար 40 հազար դրամ ավելացումը»:
Միջին աշխատավարձը մինչև եկամտահարկի վճարումը հարկումը Հայաստանում, պաշտոնական տվյալներով, կազմում է մոտ 187 հազար դրամ:
Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությունը` USAID-ն: Օրենսգիրքը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:






