ԵԱՀԿ հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս պասիվության պատճառն է` Ադրբեջանի հրաժարվելը Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ շփումներից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտում գտնվող Մեծ Բրիտանիայի խորհրդարանաի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «Այսօրվա իրողությունները պահանջում են Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցությունը բանակցություններին», -ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Նա հայտնել է, որ ղարաբաղյան կողմը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Այդ կապակցությամբ նախարարը կարծիք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման դեպքում հակամարտության գոտում խաղաղությունն ու կայունությունը կհաստատվեն շատ ավելի շուտ: «Զինադադարի տարիներն ապացուցել են, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցումը հնարավոր է», – հայտարարել է Աշոտ Ղուլյանը: