2016-ի երկրորդ եռամսյակում Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի օրական 0.85 մլն բարել, ինչն օրական 20 հազար բարելով պակաս է՝ առաջին եռամսյակի համեմատ: Այս մասին ասվում է նավթի շուկայի մասին ՕՊԵԿ-ի զեկույցում, հայտնում է Արցախպրեսը Haqqin.az-ի վրա հղումով:
ՕՊԵԿ-ի գնահատմամբ, ապրիլին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 20 հազար բարելով՝ հասնելով 0.87 մլն բարելի:
Հիմնականում նավթ է արդյունահանվում «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկում՝ թեթեւ տեսակի Azeri Light նավթ: BP-ի հաշվարկներով, 2016 թվականի սկզբի տվյալներով Ադրբեջանում նավթի ապացուցված պաշարները կազմում են 7 մլրդ բարել: Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվալներով, 2015 թվականին երկրում 41.69 մլն տոննա նավթ ու գազի կոնդենսատ է արդյունահանվել, ինչը 0.8%-ով պակաս է նախորդող տարվա ցուցանիշից:
Նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը և արժույթը՝ մանաթը, մեծ ճնշման տակ են հայտնվել անկում ապրող նավթի գների պատճառով:Երկրի խորհրդարանը փետրվարին վերանայել է 2016-ի իր պետական բյուջեն՝ հիմնվելով բարելի համար 25 դոլար նավթի միջին գնի վրա: Նախկինում կանխատեսումներում նշվում էր բարելի համար 50 դոլարի գինը:






