Հունիսի 16-ի 00.01 ժամից Հալեպում 48 ժամով «լռության ռեժիմ» է հաստատվել, որի նպատակն է նվազեցնել զինված բռնությունն ու կայունացնել իրավիճակը: Այս մասին հայտնել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Մինչ այդ, հունիսի 15-ին «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Ահրար աշ Շամի» տանկերն ու ականապատ մեքենաներով մահապարտները գրոհել էին սիրիական բանակի դիրքերը Հալեպից դեպի հարավ-արևմուտք: Գրոհայինները կրակել են ռեակտիվ համազարկային կայանքներից և ականանետերից Հանդրաթ բնակավայրի ու Էն Նայրաբ օդանավակայանի ուղղությամբ, ինչպես նաև Հալեպի թաղամասերի: Սիրիական բանակը ծանր պաշտպանական մարտեր է վարում:
Կառավարական ուժերը հետ են մղել բոլոր գրոհները Դամասկոսի գավառի Բահարիա բնակավայրի մոտ:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ, զինված բռնության նվազեցման և իրավիճակի կայունացման նպատակով Հալեպ քաղաքում 48 ժամով «լռության ռեժիմ» ` հաստատվել, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Բացի այդ, Դամասկոսի գավռի Դերաա ավանի շրջանում ևս գործում է «լռության ռեժիմ»: Խախտումներ այդտեղ չեն գրանցվել:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ է անհապաղ փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը:
Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:






