ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները մինչև 2017-ի հունվարի վերջը երկարացնելու հարցում:
«Մենք կարող ենք հաստատել, որ մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշել է երկարացնել ՌԴ դեմ գործող սահմանափակող միջոցները` հաշվի առնելով ՌԴ ապակայունացնող գործողություններն Ուկրաինայում, և շարունակել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գնահատումը»,-ասել է Եվրամիության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել անունը:
Դիվանագետը նշել է, որ սահմանափակումների երկարաձգման որոշումը դեռ պետք է հաստատի ԵՄ Սենատը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անտրամաբանական է համարել պատժամիջոցների կապակցումը Մինսկի պայմանավորվածությունների հետ: Ըստ նրա, պայմանավորվածությունների իրագործումը Կիևի պատասխանատվության ներքո է:
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին հանդես է եկել ԵՄ 5 երկիր` Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան և Սլովակիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
2015-ի դեկտեմբերի վերջում ԵՄ-ն երկարացրեց պատժամիջոցները կես տարով և հունիսի ավարտին Բրյուսլեը պետք է նոր որոշում կայացնի: Ավելի վաղ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Մոգերինին հայտարարեց, որ իր կարծիքով ՌԴ դեմ պատժամիջոցները կերկարացվեն:Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: «ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում:
Արևմուտքը պատժամիջոցների չեղարկումը կապում է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ` ծանր զինտեխնիկայի նահանջ շփման գծից, գերիների փոխանակում, ընտրություններ աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում ըստ Ուկրաինայի օրենսդրության:
Ընթերցեք նաև. Ֆրանսիայի Սենատը հորդորում է մեղմացնել ՌԴ դեմ պատժամիջոցները






