Իրաքի էլ Ֆալուջա քաղաքը, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հենակետերից մեկն էր, կրկին իրաքյան բանակի հսկողության տակ է առնվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին BBC-ի վրա հղումով:
Հակաահաբեկչական ուժերի ղեկավար գեներալ-լեյտենանտ Աբդուլ Վահադ Սաադին հայտարարել է, որ զորքերը մտել են Հոլան`քաղաքի հյուսիս-արևմտյան հատված, վերջինը, որը մնում էր ԻՊ ձեռքում: Ըստ գեներալի, առնվազն 1,8 հազար գրոհային է սպանվել գործողության ժամանակ:
Մեկնաբանները նշում են, որ հաղթանակը թանկ գնով է տրվել` քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել տները: Ըստ Փախստականների գծով նորվեգական խորհրդի տվյալների, նրանցից շատերը, այդ թվում ծերունիներ, երեխաներ ու կանայք, առանց ծածկի տակ են ամառային շոգին, ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց:






