Իսրայելն ու Թուրքիան համաձայնության են հասել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին 6-ամյա սառեցումից հետո: Մանրամասների մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 27-ին, հայտնում է Deutsche Welle-ն:
Կարգավորվել է իսրայելյան հատուկջոկատայինների կողմից Mavi Marmara նավի գրոհի արդյունքում զոհված թուրք ակտիվիստների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցման հարցը: Փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտ $20 մլն:
Ավելի վաղ Թուրքիան հարաբերությունների կարգավորման 3 պայման էր առաջ քաշել` ներողություն հայտնելն Իսրայելի կողմից, փոխհատուցման վճարումը զոհվածների ընտանիքներին և տուժածներին, ինչպես նաև Գազայի ապաշրջափակումը:
Դրանից հետո Իսրայելի դեմ բոլոր դատական հայցերը կկորցնեն ուժը: Բացի այդ, պետությունները կրկին դիվանագիտական առաքելություններ կփոխանակեն:
Մանրամասները կհրապարակվեն Հռոմում, որտեղ այցով գտնվում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Ավելի վաղ Իսրայելի ԶԼՄ-ները հայտնել էին, որ համաձայնության արդյունքում Թուրքիան կարող է հրաժարվել Գազայի անհապաղ ապաշրջափակման պահանջից` փոխարենը հնարավորություն ստանալով հումանիտար բեռներ առաքել Իսրայելի Աշդոդ քաղաքի նավահանգստով:
Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:
2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա:






