ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար 2016-ի օգոստոսի 1-ից կփոխհատուցի 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի հուլիսի 29-ի նիստում:
Հիմնավորման համաձայն՝ 2016-ի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է, ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի մոտ 1000 դրամ ավելի:
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Կառավարության նիստի ժամանակ նշել է, որ դրանով հնարավորինս կհատուցվի մոտ112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը, գրում է Panorama.am-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է մոտ 202 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ:
2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում:
Սակայն, 2016-ի հուլիսի 31-ին Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր»-ի կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումն ավարտվում է: 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ բնակչությունը մոտ 4.4 դրամով ավելի կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց:






