AM
30 October 2002 - 18:36 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԵՐՈՒԺՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉԻ ՍՊԱՌՎԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ներուժն ամենեւին էլ չի սպառվել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, խնդիրն այն է, թե իրենք` հակամարտող կողմերը, որքանով են նպաստում միջնորդների նախաձեռնությունների իրականացմանը: «Մենք բազմիցս անգամ պնդել ենք, որ ղարաբաղյան խնդրի լուծման բանալիները գտնվում են Ստեփանակերտում ու Բաքվում, եւ որ առանց փոխադարձ ընդառաջ քայլերի խոսք անգամ չի կարող լինել կարգավորման գործընթացի առաջխաղացման մասին», – նշել է ԼՂ ԱԳՆ ղեկավարը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան հաստատեց միջնորդների պատրաստակամությունը աշխուժացնելու իրենց ջանքերը եւ փորձելու դրական ընթացք հաղորդել ղարաբաղյան գործընթացին: «Ինձ թվում է, որ հենց խնդրի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անաչառ դիրքորոշմամբ է պայմանավորված Բաքվի դժգոհությունը կազմակերպության գործունեությունից եւ մեղադրանքները նրա կողմնակալության մեջ: Ցանկանում եմ ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվել է մեծ աշխատանք, կուտակվել են բավականաչափ նյութեր եւ փորձ, որոնք լավ հիմք են հանդիսանում բանակցային գործընթացը շարունակելու համար: Եվ խելամիտ չէր լինի հրաժարվել այդ ներուժից եւ ամեն ինչ զրոյից սկսել», – հայտարարել է Աշոտ Ղուլյանը: