ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում որոշել է 3 տարով հետաձգել «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նավթամթերքների վերամշակման համար սարքավորումներ ներկրելու դիմաց գանձվող ԱԱՀ-ն:
Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ներդրումային ծրագիրը 35 մլն դոլար է կազմում: Արդեն 2016-ին ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան մոտ 100 մլն դրամի արտադրանք, որի մի մասը կիրացնի ներքին շուկայում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2016-ին կկազմի 200.000, 2017-ին՝ 220.000, 2018-ին՝ 250.000 դրամ: Ձեռնարկությունում արդեն 30 մարդ է աշխատում` 200.000 դրամ միջին աշխատավարձով: