ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել մամուլում տարածված տեղեկատվության մասին, ըստ որի Լոռու և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերները գների նվազման պատճառով հայտարարել են կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին:
Օգոստոսի 29-ին Լոռվա և Շիրակի մարզերի խոշոր ու միջին կարտոֆիլ արտադրողները հայտարարել են, որ ստիպված են ժամանակավորապես դադարեցնել կարտոֆիլի մասսայական վաճառքը՝ շուկան կարգավորելու նպատակով: Հիմնավորել են, որ ներկայումս շուկայում ձևավորված կարտոֆիլի ցածր գները ֆերմերների համար ոչ նպաստավոր են, ինչը հանգեցնում է ոչ եկամտաբեր արտադրության:
Նախարարությունը նշում է, որ շուկայում հիմնականում ապրանքի գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։ Հաշվի առնելով, որ 2016-ը նպաստավոր է կարտոֆիլի արտադրության համար, մասնավորապես ընդլայնվել են ցանքատարածությունները և արդյունքում սպասվում է բարձր ու որակյալ բերք, բնական է, որ շուկայում կառաջանան իրացման և գների հետ կապված խնդիրներ։ Ինքնարժեքին մոտ գներով իրացումը բնորոշ է այս ժամանակահատվածի համար՝ կապված կարտոֆիլի սպառման ցածր մակարդակի հետ, որը սովորաբար դրսևորվում է ամառվա երկրորդ կեսին՝ պայմանավորված բանջարեղենի տարբեր տեսակների սպառման ավելացմամբ։ Գների մակարդակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև 2016-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 10%-ով կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացումը։
«Ակնկալվում է, որ ներքին շուկայում գները կկարգավորվեն աշնանը՝ կարտոֆիլի սպառման պահանջարկի ավելացմանը զուգընթաց։ Շուկայում ընդհանրապես ապրանքներն իրացվում են տարբեր գներով՝ ելնելով սեզոնայնությունից, պահանջարկից, ինչն օրինաչափ երևույթ է։
Ինչ վերաբերում է «կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցմանը», ապա նախարարությունը նշում է, որ դա հիմնավորված որոշում չէ, քանի որ միևնույն է շուկայի պահանջարկը կբավարարվի հանրապետության մյուս մարզերի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների արտադրանքի հաշվին, և վերը նշված որոշման կիրառումը բացասաբար կանդրադառնա Շիրակի և Լոռու մարզերի ֆերմերների այս ժամանակահատվածի ֆինանսական հոսքերի ձևավորման և հետագա գործունեության իրականացման հնարավորությունների վրա։ Նշվածի հետ մեկտեղ հիշատակված որոշման կիրառման պայմաններում, շուկայում կարտոֆիլի առաջարկի կրճատման պատճառով կավելանան ներկրման ծավալները, որը ցանկալի երևույթ չէ», – ասցած է նախարարության հաղորդագրությում:
Նշվում է, որ գյուղմթերքների շուկայում մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է արտադրել ցածր ինքնարժեքով և բարձր որակի կարտոֆիլ, որի ուղղությամբ տարիներ շարունակ պետության կողմից իրականացվել և իրականացվում են հանրապետության հողօգտագործողներին սուբսիդավորված, շուկայականից էականորեն ցածր գնով հանքային պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական և կալիումական) և դիզելային վառելանյութի հատկացման, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ աջակցության ծրագրեր։
Կարտոֆիլի առումով մեր երկիրն ինքնաբավ է։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում ներքին պահանջարկից ավել կարտոֆիլ է արտադրվում և արտահանվում։ Օպերատիվ տվյալներով` 2016 թվականին 01․09․2016 թվականի դրությամբ արտահանվել է մոտ 1500 տոննա կարտոֆիլ։
Նախարարությունը նշում է, որ ընդհանրապես 2015-ի կարտոֆիլի բերքը շուկայում վերջանում է մայիս ամսին, և մինչ վաղահաս կարտոֆիլի բեքահավաքի սկսվելը, այդ ժամանակահատվածում շուկայի պահանջարկը բավարարելու համար ներկրվում է կարտոֆիլի որոշակի քանակություն։ Այս տարի պայմանավորված այն հանգամանքով, որ հանրապետությունում աճեցված վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եղանակային անբարենպաստ պայմանների և տևական անձրևների պատճառով մոտ 20 օրով ուշացել է, 2016-ի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրվել է 3392 տոննա կարտոֆիլ։
Ընդգծվում է, որ ամեն տարի հանրապետություն է ներկրվում կարտոֆիլի եվրոպական լավագույն սորտերի տնկանյութ (սերմացու)։ 2016-ի հունիսի 10-ի դրությամբ հիմնականում եվրոպական երկրներից ներկրվել է 3174 տոննա տնկանյութ (սերմացու)։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2016-ին հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 34077 հա, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 771 հեկտարով։ Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 4568 հա, որը 2015-ից ավել է 185 հեկտարով, Լոռու մարզում՝ 4613 հա, աճը 2015-ի նկատմամբ կազմում է՝ 335 հա։
Օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ արտադրվել է մոտ 210.000 տոննա կարտոֆիլ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 40.000 տոննայով։