Մոսկվայի թատերական կենտրոնի շրջակայքում, որտեղ չեչեն ահաբեկիչները պատանդ էին վերցրել շուրջ 700 մարդու, Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության ռեպորտյոր Նարիման Մեհտիեւին ձերբակալելու փորձ է ձեռնարկվել: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրանը», Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը կարծում են, թե իրավապահ մարմինների մոտ կասկած է հարուցել լրագրողի կովկասյան արտաքինը, որին այնուամենայնիվ հաջողվել է խուսափել ձերբակալությունից եւ թաքնվել: Ներկայումս դեսպանատան աշխատակիցները փորձում են պարզել Մեհտիեւի գտնվելու վայրը` դիմելով Մոսկվայի բոլոր իրավապահ մարմիններին: