AM
15 September 2016 - 11:07 AMT

Յոլյան. «Նաիրիտի» վերագործարկման հարցը քննարկվում է մի քանի ընկերությունների հետ

Չորս ընկերություն քննարկում է «Նաիրիտի» վերագործարկման հարցը: Այս մասին սեպտեմբերի 15-ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Յոլյանը: Նա նաև զրուցել է կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ՝ ժամանակ խնդրելով նրանց հուզող հարցերին պատասխանելու համար:

Tert.am-ը գրում է, որ լրագրողների հարցին, թե այս պահին կա քննարկում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ, Յոլյանը պատասխանել է՝ քննարկումներ կան և շարունակվում են:

«Մինչև սեպտեմբերի վերջ ինձ ժամանակ տվեք, և ես «Նաիրիտի» վերաբերյալ բոլոր հարցերին կպատասխանեմ: Չորս ընկերություն քննարկում է «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված տարբեր մանրամասներ, ընդամենը բանակցային գործընթացը չվնասելու նպատակով այս պահի դրությամբ մանրամասներ չեմ հայտնի»,-ասել է նա՝ հավելելով, որ ռեալ քննարկումներ են ընդանում:

Մարտի 16-ին խորհրդարանում կառավարական ժամի շրջանակում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հայտարարել է, որ «Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար:

«Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր ԽՍՀՄ տարածքում: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարվ, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010-ի ապրիլից գործարանը չի աշխատում: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ի՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

ՀՀ կառավարությունը 2015-ի օգոստոսին ամբողջությամբ մարել է քիմիական հսկայի աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը: