Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014-ին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է ՀՀ Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային և աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր:
Կողմերը 2015-ին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է մոտ 52 մլն դրամ: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև՝ Մոտ 140 մլն դրամի ապրանք է ներմուծվել՝ բազմաթիվ խախտումներով