Երևանում հոկտեմբերի 11-ինմեկնարկեց «Միջազգային կապիտալը որպես բիզնեսի աճի շարժիչ» սեմինար-քննարկումը, որը կազմակերպել էԱմերիաբանկը:
Հանդիպման նպատակն է հնարավորություն տալ տեղական ընկերություններին շփվել արժեթղթերի միջազգային շուկայի մասնագետների հետ և ծանոթանալ միջազգային շուկաներ դուրս գալու ուղիներին և արդիական գործիքներին:
Սեմինար-քննարկման բանախոսներից Քեյ Փի Էմ Ջի (KPMG) ընկերության Կապիտալի շուկաների, մետաղների և հանքարդյունաբերության բաժնի ղեկավար Օլգա Պլևակոն լրագրողներին հայտնեց, որ ԵՏՄ երկրների շարքում Հայաստանը բավականաչափ գրավիչ է ներդրումների համար:
«Մենք ուսումնասիրել ենք այդ հարցը, դիտարկել ենք ԵՏՄ բոլոր երկրները՝ կազմելով ռիսկայնության և ներդրումային գրավչության հատուկ վարկանիշ: Հայաստանն առաջատարների եռյակում է՝ բավականին բարենպաստ օրենսդությամբ, ներդրումային ենթակառուցվածքներով, այդ պատճառով կարծում ենք՝ այստեղ մեծ ներուժ կա», – ասաց Պլևակոն՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցին:

Նա հավելեց, որ Հայաստանում ներդրումային շուկան զարգացնելու կարիք կա, պետք է դեռ աշխատել այդ ուղղությամբ.
«Օրինակ, Ռուսաստանի և Ղազախստանի շուկաներում ամեն ինչ հարթ չէ, շահութաբերությունը շատ է իջել, լճացած իրավիճակ է, և այդ իսկ պատճառով ներդրողները փնտրում են նոր հնարավորություններ, դիտարկում են զարգացող շուկաներ, ընտրում են բարենպաստ, ճիշտ ներդրումային մթնոլորտով երկրներ: Հայաստանը հուսադրող է այս առումով»:
Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) ՌԴ և ԱՊՀ երկրների առաջնային շուկայի բաժնի ղեկավար Այունա Նեչաևան իր հերթին նշեց, որ Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի կապիտալի շուկայի մասին պատմելու համար:
«Իրավիճակն այսօրվա դրությամբ այնպիսին է, որ ներդրողները փնտրում են հետաքրքիր ներդրումային պատմություններ հենց զարգացող երկրներում: Նրանք ինձ ասում են, որ այդքան կարևոր չէ տարածաշրջանը, ինչքան հենց ընկերությունը: Իհարկե, նրանք հաշվի են առնում ռիսկերը, սակայն կարևոր է ընկերության անհատական պատմությունը», – ընդծեց Նեչաևան:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանն ընդգծեց, որ քննարկումը կազմակերպել են բանկի գործընկերների համար, հիմնական նպատակն է թույլ տալ նրանց հասկանալ, թե միջազգային կապիտալի շուկաներում ինչ հնարավորություներ կան, ինչպես օգտվել դրանցից:
«Նպատակն է պատկերացում տալ, թե ինչպես արդյունավետ կառավարել սեփական կապիտալը, դրսից միջոցներ ներգրավել, ինչ գործիքակազմ է դրա համար պետք», – ասաց Մոսիկյանը:
Նա ընդգծեց, որ կապիտալ ներգրավելու համար առաջնային է ներկայացնել արդյունավետության ներուժն ու աճի հնարավորությունը: Մոսիկյանի խոսքով, Հայաստանի համար հնարավորություն կա կամուրջ հանդիսանալ Իրանի և Արևմուտքի միջև:
Պատասխանելով կապիտալի ներգրավման հարցում Ամերիաբանկի դերակատարման մասին PanARMENIAN.Net-ի հարցին՝ Մոսիկյանը շեշտեց, որ Բանկն այդ գործում տիրապետում է միջազգային, ռեգիոնալ շուկաների զարգազման միտումներին, անհատական մոտեցում ցուցաբերում այն ընկերություններին, որոնք հնարավորություն ունեն կապիտալ ներգրավել, ինչպես նաև պատրաստ է օգնել խորհրդակցության միջոցով: