«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 27-30-ը անցկացվում է «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը:
Բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, անհատ ոսկերիչներ, փորձագետներ:
Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից:
Նախագահը հոկտեմբերի 27-ին ներկա է գտնվել նաև «Երևան» տոնավաճառ առևտրի կենտրոնի բացմանը:
Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը: Հանրապետության նախագահին շրջայցի ընթացքում հիշյալ ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքները, կատարված ներդրումները, բացված նոր աշխատատեղերը, ինչպես նաև զարգացման առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները:
2016թ. հունվարից մինչև հոկտեմբեր տոնավաճառի շինարարության աշխատանքներում մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200.000 դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ՝ ամսական միջինը 150.000 դրամ աշխատավարձով:
Կառույցի այս փուլի ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմել են մոտ 2 մլրդ 500 մլն դրամ: Երկրորդ փուլի իրականացման արդյունքում 2017թ. ամռանը Երևանը կունենա 43.000 քմ տարածքով, 850 մանրածախ և մեծածախ առևտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որտեղ կբացվի շուրջ 1000 աշխատատեղ՝ միջին ամսական 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով: