Այն, ինչ կատարվում է գլոբալ տնտեսությունում, իր արտացոլումն է գտնում Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինասների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ չեն կարող տնտեսական միջավայրի ցուցանիշներ կանխատեսել՝ առանց հաշվի առնելու գլոբալ զարգացումները:
Նախարարի խոսքով, համաշխարհային տնտեսական կառույցներն 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ. 2016-ի համար կանխատեսվում է 3,1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2017-ի համար ակնկալվում է 3,4 %, գրում է Panorama.am-ը:
«Կարևոր լավ լուրն այն է, որ տնտեսական աճը հիմնականում ակնկալում են զարգացող և անցումային շրջանի երկրներից: Այստեղ կարևոր գործոն է նաև Ռուսաստանի տնտեսական զարգացումները»,- ասել է Արամյանը:
Ըստ նրա, կամա թե ակամա Հայաստանը տնտեսական կապերով կապված է ՌԴ-ի հետ, ինչ կատարվում է ՌԴ տնտեսությունում, մի քանի ուղղություններով՝ տրանսֆերտներ, առևտրային ծավալներ, ներդրումներ, ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Նախարարի խոսքով՝ երկու տարի անընդմեջ ՌԴ տնտեսությունն անկում է ապրում,հասել է հատակին և արդեն վերելքի փուլ թևակոխելու ժամանակն է, ուստի մասնագետները 2017-ի համար ակնկալում են տնտեսական աճ:
Խոսելով հումաքային շուկայի մասին, որը նույնպես իր ազդեցությունն է ունենում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, Արամյանն ասել է, որ նավթի շուկայում միջազգային կառույցներն ակնկալում են որոշակի գների աճ: 2015-ին նավթի շուկայում գրանցվել էր 47 տոկոս անկում, 2016-ին ակնկալվում է 15,4 տոկոս անկում, իսկ 2017-ի համար ակնկալվում է մոտ 18 տոկոս աճ: Նրա խոսքով՝ սա այն գործոններից մեկն է, որը բերելու է ՌԴ տնտեսության աճին:
Ակնկալվում է նաև մետաղի գների փոքր-ինչ աճ:
Ֆինանսների նախարարը նշել է, որ Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագծում դրել էին 2,2 տնտեսական աճ, 4 տոկոս դեֆլյատոր:
«Տարին ցույց տվեց, որ գնային ֆոնը համեմատաբար ավելի պասիվ է, այսօրվա դրությամբ ունենք դեֆլյատորի՝ -0,4 տոկոս ցուցիչ (կիսամյակային ցուցանիշ), մինչև տարեվերջ ակնկալում են շուրջ զրոյական ցուցիչ: Տնտեսական աճի ցուցանիշի մասով մենք, կարծես թե, այն տիրույթում կլինենք, ինչ կանխատեսվում էր 2016-ի համար՝ 2-2,4 տնտեսական աճ:
Այս հենքերի վրա հինվելով՝ 2017-ի համար մենք ակնկալում ենք ավելի արագացող տնտեսական աճ՝ 3,2 տոկոս, մի փոքր ավելի համեստ, բայց դրական գնային միջավայր, դեֆլյատորը կանխատեսել ենք 1,7 տոկոս այս տարի սպասվող զրոյական դեֆլյատորի պայմաններում»,- ասել է Վարդան Արամյանը:
2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի մոտ 3.2%-ի աճ: Այս մասին Ազգային Ժողովում հաջորդ տարվա բյուջեի շուրջ սկսված քննարկումների ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ վերջին 2 տարում Հայաստանի տնտեսությունն արտաքին աշխարհից եկող ցնցումներով է ուղեկցվում: